Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մայիսի 31-ը ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրն է

Մայիսի 31-ը ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրն է
29.05.2015 | 19:07

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները, որոնց թվում` Հայաստանը, մայիսի 31-ին նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: ԱՀԿ-ն այս օրը նշում է 1988 թվականից, իսկ Հայաստանը` 2000-ից:

Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում:
ՀՀ առողջապահության նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն «Ալեքսանդր Բազարչյանը լրագրողներին ներկայացրեց աշխարհում և մեր երկրում ծխախոտի օգտագործման վիճակագրական տվյալներ, իրականացվող ծրագրերն ու դրանցից ակնկալվող արդյունքները։
Նշվեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով` աշխարhում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում:
«Հայաստանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը բարձր է հատկապես տղամարդկանց շրջանում: Վիճակագրական տվյալների համաձայն` մեծահասակ բնակչության գրեթե մեկ երրորդը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, օգտագործողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են»,-ասաց բանախոսը: Նա նշեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տղաների շրջանում ծխելու առաջին փորձերը կատարվում են 13-15 տարեկանում: Իրականացված հարցման համաձայն` 15 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմել է 24%` տղամարդկանց շրջանում 50%, կանանց շրջանում` մինչև 3%:
Նշենք, որ վերջին տասը տարվա ընթացքում տղամարդկանց շրջանում առկա է ծխախոտի օգտագործման նվազման միտում (համաձայն 2004թ. հետազոտությունների` ծխախոտ օգտագործում էին հարցման ենթարկված բնակչության 29%-ը, այդ թվում` տղամարդկանց` 60,5 և կանանց` 2,2%-ը): Տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման ցուցանիշներով է պայմանավորվում այն հիվանդությունների բարձր ցուցանիշը, որոնց համար ծխախոտը ռիսկի գործոն է: Կանանց մոտ ծխախոտի տարածվածությունն առավել մեծ է մայրաքաղաքում, քան մարզերում կամ գյուղական համայնքներում: «Երևանի կանանց շրջանում տարիքային խմբեր կան, որոնց մինչև 7-8%-ը ծխող է»,-հավելեց Ալեքսանդր Բազարչյանը։ Բերված ցուցանիշները նա համեմատեց այլ երկրներում առկա իրավիճակի հետ` հավելելով, որ դեռահասները մեզանում սկսում են ծխել 16-17 տարեկանում, երբ դուրս են գալիս ծնողների հսկողությունից և առավել ինքնուրույն կյանք վարում։
1999 թվականից Հայաստանում 2-3 տարին մեկ մեծահասակ բնակչության շրջանում իրականացվում են մի շարք հետազոտություններ, որոնք միտված են հետևելու ծխախոտի տարածվածության մակարդակին: Դեռահասների շրջանում տարբեր գործիքներ ու մեթոդներ են կիրառվում, որոնց արդյունքներով ծխախոտ է օգտագործում 13-15 տարեկան տղաների 5-6%-ը։ Հերթական հետազոտություն նախատեսվում է իրականացել այս տարի աշնանը: «Տարեվերջին կունենանք առկա պատկերը, ինչը հնարավորություն կտա հստակեցնելու վերջին 5 տարվա միտումները»։
«Ծխելու դեմ պայքարն առողջապահության գերակա խնդիրներից մեկն է: Բազմաթիվ երկրներ, հաշվի առնելով սեփական առողջապահական նպատակները, իրականացնում են քաղաքականություն` ուղղված ծխախոտային արտադրանքի սպառման նվազեցմանը»,-ներկայացրեց Ալեքսանդր Բազարչյանը: Բազմաթիվ երկրներ լրջագույն հաջողություններ են արձանագրել ինչպես ծխախոտի օգտագործման տարածվածության, այնպես էլ` ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդությունների նվազեցման ուղղությամբ։
Ծխախոտի օգտագործման տարածվածության և դրա առողջապահական, տնտեսական և սոցիալական հետևանքները կանխելու նպատակով մեր երկրում ևս կիրառվում են տարբեր մեխանիզմներ, օրենսդրական սահմանափակումներ և այլ միջոցառումներ:
ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության տնօրեն տեղակալ Գոհար Փանաջյանը տեղեկացրեց, որ ԵԱՏՄ անդամ-երկրների տարածքում ոչ ծխելու տեսքով արտադրվող ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, ներմուծումն ու իրացումն արգելելու շուրջ միջազգային պայմանագրի մշակման նպատակով մեզանում ձևավորվել է աշխատանքային խումբ։ Քննարկվում են նաև ծխախոտային արտադրատեսակների վնասակարության մասին էսքիզների նախագիծն ու դրանց տեղադրմանը ներկայացվող պահանջները: Միաժամանակ աշխատանքներ են տարվում օրենսդրական փաստաթղթերում լրամշակումներ կատարելու ուղղությամբ:
Հավելենք, որ այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում ուշադրություն դարձնել ծխախոտի ապօրինի վաճառքին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից «Առանց ծխախոտի» համաշխարահին օրվա այս տարվա կարգախոսն է. «Զգուշացեք ծխախոտի ապօրինի վաճառքից»:
Առողջապահության նախարարությունը միանում է ԱՀԿ-ի նախաձեռնությանը և իր համերաշխությունն է հայտնում առողջ ուժերին և գիտակից հասարակությանը:

Դիտվել է՝ 2267

Մեկնաբանություններ